ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Նավթի համաշխարհային «տակառը» պահանջում էր տարածաշրջանային գործընկերների նոր «թիմ»

Նավթի համաշխարհային «տակառը» պահանջում էր տարածաշրջանային գործընկերների նոր «թիմ»
18.05.2012 | 11:01

Աշխարհաքաղաքական իրադրության նշանակալի շարժ է տեղի ունենում Սև ծովից մինչև Չինաստան ընկած տարածությունում, և տարատեսակ դիտորդները նշում են, որ ԱՄՆ-ը կորցնում է դիրքերը Եվրասիայի ներքին տարածաշրջաններում, չնայած վիթխարի նյութական ծախսերին ու ռազմաքաղաքական ներկայության ընդլայնմանը:

Այդ տարածաշրջաններում ԱՄՆ-ի դիրքերի թուլացման առթիվ հրապարակումների քանակը պարզապես դառնում է անպարկեշտ, եթե ուշադրության առնենք բերվող փաստարկների բովանդակությունն ու որակը: Իրականում, եթե նկատի ունենանք կոնկրետ ռազմաքաղաքական դիրքերը, ապա ԱՄՆ-ը ոչինչ չի կորցրել և մտադիր չէ առայժմ սահմանափակելու իր ներկայությունը Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում: Բազավորման, տարանցման և հայտնաբերման բոլոր հենակետերը նախկին վայրերում են, և ամերիկացիները շատից-քչից լուծում են բազավորման ու ռազմական գործողությունների իրականացման առթիվ համապատասխան պետությունների հետ հարաբերությունների խնդիրները: Ավելի շուտ, խոսքը տվյալ տարածաշրջաններում Չինաստանի, Ռուսաստանի և այլ տերությունների դիրքերի ընդլայնման, ներդրումների կատարման ու հանքային հանածոների յուրացման գործում ԱՄՆ-ի ու նրա առաջատար գործընկեր Մեծ Բրիտանիայի խիստ պասիվ դերի մասին է: Իրոք, Ռուսաստանն ու Չինաստանը հետևողականորեն, ուշադրություն չդարձնելով այլ պետությունների ռազմական ներկայությանը, այլ երկրների արտքաղաքական կողմնորոշումներին, որտեղ իրականացվում են աշխարհատնտեսական նախագծեր, ավելի ու ավելի կարևոր դիրքեր են գրավում նավթի ու գազի արդյունահանման, առաջադրված ուղղությամբ դրանց մատակարարման գործում: Առանձնապես Չինաստանն է ակտիվ Կենտրոնական Ասիայի գազի պաշարների յուրացման և արևելյան ուղղությամբ դրանց մատակարարման հարցում, ինչը նյարդայնացնում է ԱՄՆ-ին ու նրա գործընկերներին: Տվյալ պարագայում, երբ աշխարհի քաղաքական շրջանակների ուշադրության առարկան Կենտրոնական Եվրասիան է, Ադրբեջանը չի կարող ուշադրության չարժանանալ, և նա բավականին ակտիվ առարկա է նավթի ու գազի խնդրին նվիրված միջազգային բանավեճում: ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, հասկանալով, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղը չի համապատասխանում իրենց ռազմավարության չափանիշներին` կապված Թուրքիայի արտաքին քաղաքականության նոր գերակայությունների հետ, սկզբում շատ զգուշավոր և ոչ այնքան գործուն զբաղվում էին «Նաբուկոյի» հարցով, իսկ հետո բացահայտորեն ձախողեցին այդ նախագիծը, չցանկանալով խաղում ներառել ոչ միայն Իրանը, այլև Թուրքիան: Երկու օվկիանոսային տերություններն էլ ոչինչ չառաջարկեցին Թուրքմենստանին, ՈՒզբեկստանին ու Ղազախստանին` էներգամատակարարման նոր ուղիների կառուցումն արագացնելու առումով, և դրանով իսկ կարևոր դիրքեր զիջեցին Ռուսաստանին ու Չինաստանին: ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հույսերը, թե իրենք ժամանակ ունեն դադարի համար, և մրցակիցները չեն հասցնի իրացնել իրենց ծրագրերը, չարդարացան: Այդ աննպաստ աշխարհատնտեսական իրավիճակը համընկավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, և ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի առաջատար էներգետիկ ընկերությունները մտահոգված էին ավելի կարևոր ու սկզբունքային խնդիրներով, այդ թվում` գնային, և նրանք Կենտրոնական Ասիայի նախագծերի հավես հաստատ չունեին, նախագծեր, որ նրանք, որքան էլ տարօրինակ լինի, համարում են տեղային: Պետք է նշել, որ որքան էլ տարբեր տարածաշրջաններում նավթի ու գազի հանքավայրերը ռազմավարության տեսակետից կարևոր լինեն, նրանք չեն կարող առաջնային համարվել, եթե անմիջականորեն նպատակաուղղված չեն Արևմտյան ընկերակցության պետությունների էներգետիկ անվտանգության ապահովմանը: Բացի այդ, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան այն կարծիքին են, որ եթե էներգահաղորդուղիները չեն էլ գտնվում իրենց հսկողության տակ, ապա կոչված են ապահովելու Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը: Չնայած Կասպյան ավազանի ու Կենտրոնական Ասիայի նկատմամբ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի այդքան մեծ ուշադրությանը, այդ տարածաշրջանները բավականաչափ հեռու են ծովային ուղիներից և «իրենցով անել» դրանք, հաշվի առնելով քաղաքական հանգամանքը, բավականին դժվար է: Ադրբեջանում չէին կարող չնկատել, որ միավեկտոր էներգամատակարարման համակարգի զարգացումը չի համապատասխանում էներգիա արտահանող երկրներից և ոչ մեկի ազգային անվտանգության պահանջներին, և մտադիր են ապահովել նավթի ու գազի մատակարարման բազմաճյուղ համակարգ: Դրա հետ մեկտեղ, ադրբեջանական ղեկավարությունը, անկասկած, խորապես հիասթափված է իր երկրի նկատմամբ Արևմուտքի և Ռուսաստանի, ինչպես նաև Թուրքիայի վերաբերմունքից, որոնք հակված են Ադրբեջանը համարելու, փաստորեն, միայն ածխաջրածնային հումքի աղբյուր: Վերջին երկու տարվա իրադարձությունները ցույց են տալիս, որ համաշխարհային ընկերակցությունը մտադիր է պահպանել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, և ուժերի դասավորության գործում փոփոխություններ մտցնելու Ադրբեջանի ջանքերը ցանկալի արդյունք չեն տվել:

ԱՄՆ-ի ու եվրոպական պետությունների վերահսկողության տակ գտնվող միջազգային ֆինանսական կազմակերպությունները Ռուսաստանին ցուցաբերել են 2 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն, Իրանն ու Հայաստանը մասնակցում են երկաթուղու և նավթամուղի, ինչպես նաև խոշոր հիդրոէլեկտրակայանի կառուցմանը` էներգիայի օգտահանման կողմնորոշմամբ։ Ասիական բանկը ֆինանսավորում է վրացական նավահանգիստներ ձգվող ավտոմայրուղու կառուցումը, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար: ԱՄՆ-ը դարձյալ կառավարական օգնություն է ցուցաբերել ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլև Լեռնային Ղարաբաղին: Այսպիսով, մոտակա և միջնաժամկետ հեռանկարի հաշվառմամբ, Հայաստանը, սպասումներին հակառակ, մեկուսացման մեջ չմնաց և էական արտաքին աջակցություն է զգում:

Քաղաքական առումով միայն ամենաանտեղյակ դիտորդներին պարզ չէ, որ համաշխարհային ընկերակցությունը մտադիր չէ նախաձեռնել ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթաց` Ղարաբաղը Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելու ձևաչափով: Թուրքիան այնքան էր շահագրգռված Հայաստանի հետ իր պետական սահմանի ճանաչմամբ, որ մտադրվել էր լիովին անտեսել Ադրբեջանի շահերը, և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողումը տեղի ունեցավ ոչ թե Ադրբեջանի հավակնությունների պատճառով, այլ այն, որ Թուրքիան չէր ուզում խաղալ իրեն խորթ սցենարով: Իրականում վախենալով արտաքին ուժերի կողմից Թուրքիայի շահերի դեմ «հայկական գործոնի» հետագա օգտագործման հնարավորությունից, թուրք քաղգործիչները ձգտում են օգտվել ինչ-որ փաստարկներից, օրինակ, ղարաբաղյան հարցում զիջումների գնալու անհրաժեշտությունից, ինչը ոչ մի առնչություն չունի Թուրքիայի իրական նպատակների հետ: Եթե անգամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ձախողվի, ապա դա տեղի կունենա ո՛չ «Ղարաբաղի պատճառով»: 2008 թ. աշնանը տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմից հետո Հարավային Կովկասում առաջացած իրավիճակը հաստատեց այն վաղեմի ենթադրությունները, թե այդ տարածաշրջանում պատերազմները հազիվ թե տեղային նշանակություն ունենան, և սպառազինությունների մրցավազքը հաջող արտաքին քաղաքականության պարտադիր պայման չէ: Ընդհանուր առմամբ, բավականաչափ հասկանալի է դարձել, որ Արևմտյան ընկերակցությունը` ամերիկացիներն ու եվրոպացիները, անկախ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերի նկատմամբ նրանց վերաբերմունքից և ղարաբաղյան հարցում ունեցած դիրքորոշումից, հիացած չեն Ադրբեջանի դիրքորոշմամբ ու հավակնություններով և, առհասարակ, տվյալ իրավիճակում սեփական քաղաքական շահերն ի ցույց դնելու նրա փորձերով:

Ադրբեջանը հայտնվել է բավականին բարդ միջազգային իրավիճակում, երբ միջազգային ընկերակցությանը և առաջին հերթին ուժի համաշխարհային կենտրոններին առաջարկելով իր ունեցած էներգետիկ և քաղաքական ռեսուրսները, նա շատ թե քիչ զգալի ակնկալիքներ չի տեսնում «իր օգտին» ղարաբաղյան հարցի լուծման առնչությամբ: Այսպիսով, տեղի է ունենում համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքականության երկու բաղկացուցիչների զուգորդում. Կենտրոնական Եվրասիայի տարածաշրջաններում ԱՄՆ-ի, հետևաբար և Արևմտյան ընկերակցության դերի նվազում, Ադրբեջանի ազգային շահերի անտեսում, համենայն դեպս, ադրբեջանական կառավարող վերնախավի ըմբռնմամբ: Կասկածներ են առաջացել, որ Եվրասիայում և նույնիսկ Մերձավոր Արևելքում տեղի են ունենում աշխարհաքաղաքական իրադրության լուրջ կամ նույնիսկ արմատական փոփոխություններ: Հնարավոր է, որ դա Ադրբեջանին ազդանշաններ է ուղարկում արտաքին քաղաքականության գերակայությունները ժամանակին փոփոխելու, սկզբունքորեն այլ, ինչպես ընդունված է ասել` բազմավեկտոր քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին: Ադրբեջանը ձեռնամուխ է եղել Ռուսաստանի հետ բազմակողմանի բանակցությունների, որը, բառացիորեն, տարված է «Նաբուկո» նախագծի ձախողմամբ, ինչը կապահովի միջտարածաշրջանային գազամուղի անարգել շինարարությունը, որն աշխարհատնտեսական նոր իրավիճակ կստեղծի Եվրոպայում:

Հարկ է նշել, որ ամերիկյան քաղաքականությունից Ադրբեջանի հիասթափության պատճառն ամենևին էլ Բ. Օբամայի վարչակազմի վարած քաղաքականությունը չէ, այն գալիս է դեռևս Ջ. Բուշի ժամանակներից, որի քաղաքականությունն ավելի ու ավելի է ըմբռնվում Սպիտակ տան ներկա թիմում: Ջ. Բուշի քաղաքականության սկզբունքները ենթադրում էին նվազագույն միջամտություն տարածաշրջանային հակամարտություններին ու խնդիրներին, եթե դրանք չէին սպառնում ԱՄՆ-ի անվտանգությանն ու արմատական շահերին, ինչը չէր կարող բավարարել Ադրբեջանին: Բայց Ջ. Բուշի օրոք ամերիկացիները ոչ մի կերպ չէին ընդունում տարածաշրջանային քաղաքականության իրենց սխալները և շարունակում էին պնդել, որ Մերձավոր Արևելքի ու Եվրասիայի երկրներն անվերապահորեն պետք է համերաշխվեն ԱՄՆ-ի նպատակների հետ: Բ. Օբամայի վարչակազմը ոչ միայն հնարավոր էր համարում տարակույսները ամերիկյան տարածաշրջանային քաղաքականության հաջողության առթիվ, այլև, ըստ էության, շահագրգռված էր նման բանավեճի ծավալմամբ: Դա բավական էր, որ վերջին մեկ տարում Ադրբեջանում զարգանար արտաքին քաղաքականության հեռանկարների այլ պատկերացում: Ադրբեջանի շահերի տեսակետից, ժամանակն է ընդունելու սկզբունքային որոշումներ, քանի որ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում նրա «հիմնական հարցի» լուծումը` Ղարաբաղը ադրբեջանական վերահսկողության տակ վերադարձնելը, անհնար է:

Ադրբեջանական վերնախավում շատերի կարծիքով, այդ հարցի լուծումը հնարավոր է միայն Եվրասիայում աշխարհաքաղաքական իրավիճակի արմատական փոփոխմամբ: Բայց, հնարավոր է, խնդիրը նույնիսկ այն չէ, որ Ադրբեջանը պետք է գնա «վա բանկ» հանուն Ղարաբաղի հարցի իր համար ցանկալի լուծման: Ադրբեջանական ղեկավարության նկրտումները վերջին տարիներին այն աստիճանի ուռճացած են, որ Արևմուտքի համար վիրավորական են դարձել: Բացի այդ, հավակնությունների բավարարված չլինելն ու տարբեր քաղաքական-հուզական գնահատականները նույնպես բավականաչափ հիմնավոր չեն արտքաղաքական կողմնորոշումը փոխելու փորձերի համար: Ադրբեջանը հասկանում է, որ ինչքան էլ խոսվի արտաքին քաղաքականության բազմավեկտորության մասին, այն այդպիսին չէ, և ժամանակն է վերափոխելու արտաքին քաղաքականությունը, նրան հաղորդելով բազմակողմանիություն: Այսինքն, իր արտաքին քաղաքականությունը ճշգրտելու Ադրբեջանի ներկա փորձերի նպատակներն այնքան անորոշ են, որ, երևի, հենց Բաքվում էլ առայժմ դժվարանում են հասկանալ, թե ինչ է պահանջվում այս իրավիճակում:

Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ի ներկա տարածաշրջանային քաղաքականությունը, նախ և առաջ Կենտրոնական Եվրասիայի առնչությամբ, ամենևին էլ «նահանջի» բնույթ չի կրում, և քաղաքականություն վարելիս խուսանավման այս կարգի մարտավարական հնարքները միանգամայն ընդունված քայլեր են: Իրոք, ԱՄՆ-ը չի նահանջել, այլ ընդամենը ճշգրտել է իր դիրքորոշումը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Այդ տարածաշրջանների երկրներում սովորել են, որ ԱՄՆ-ը նախընտրում է մշտապես հարձակվել բոլոր ուղղություններով` ուժեղացնելով ռազմաքաղաքական ու տնտեսական ներկայությունը: Սակայն ոչ մի նվաճողամտություն չի կարող ունենալ մշտական ուղղվածություն և ապահովել մշտական արագություն: Անցած ժամանակաշրջանում` տարածաշրջաններում անկախ պետությունների ստեղծումից հետո, ԱՄՆ-ը բավականին ամուր է հաստատվել այստեղ, ստեղծել է նոր քաղաքական ու հասարակական հաստատություններ, արմատավորել կազմակերպական նոր ձևեր և ստեղծել նոր վերնախավեր, խոշոր էներգետիկ և փոխադրական համակարգեր, այդ երկրները մեծ չափով միավորել է Արևմուտքի կառույցներին, առաջին հերթին ՆԱՏՕ-ին ու Եվրոպական ընկերակցությանը: Մինչև հիմա Ռուսաստանը մի գլուխ նահանջել է, համենայն դեպս, առավելագույնս պաշտպանվելով: Չինաստանն ավելի մեծ հաջողություններ ունի տնտեսական ներթափանցման ասպարեզում, բայց քաղաքական և պաշտպանական առումով որևէ նկատելի դիրք չունի: Ռուսաստանն ու Չինաստանը մշակել են համատեղ խաղի կանոններ, օրինակ` ՇՀԿ-ի շրջանակներում, և շատ թե քիչ սովորել են հակազդել ԱՄՆ-ին, բայց դա դեռ չի նշանակում, թե ամերիկացիները պատրաստ են «նահանջելու»: Դրա համար չկա ոչ մի ներքին ու արտաքին պատճառ ու հիմք: Խոշոր խնդիրներ են առաջացել Աֆղանստանում և Պակիստանում, որոնք, իրենց «ինքնաբավ» նշանակության կողքին, որպես սպառնալիքներ, Չինաստանի նվաճողամտությունը զսպելու կարևորագույն պայման են: Աֆղանական խնդիրն ու գործողությունը, իրենց շարժառիթով ու հիմնավորվածությամբ, մեծապես հիշեցնում են Իրաքի խնդիրը, երբ նավթի համաշխարհային «տակառը» պահանջում էր տարածաշրջանային գործընկերների նոր «թիմ»: Այս լայնընդգրկուն խնդրի լուծման պայմաններում խոսել Կենտրոնական Ասիայի, առավել ևս Հարավային Կովկասի ինչ-որ գերակայությունների մասին, առհասարակ, անհեթեթ է: Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, հատկապես ռուս-վրացական պատերազմից հետո, ավելի քան բավարարում է ամերիկացիներին: Ռուսաստանը հայտնվել է վրացական իրավիճակի փակուղում, Հայաստանն ու Թուրքիան փորձարկումներ են անում, ընդ որում, ԱՄՆ-ը ձևացնում է, թե շահագրգռված է այդ վիճակով, տարածաշրջանում ստեղծվել է միանգամայն հուսալի ռազմատարանցման միջանցք, նավթը հաջողությամբ մտնում է համաշխարհային շուկա` շրջանցելով Ռուսաստանը: Կենտրոնական Ասիայի պետությունները շատ ավելի համակրում և կողմնորոշվում են դեպի ԱՄՆ և Արևմուտք: Փաստորեն, բոլոր այդ երկրները երկյուղում են Չինաստանի նվաճողամտությունից և ձգտում են ունենալ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի աջակցությունը: Տարածաշրջանը բաժանված է «իմաստային» երեք մասի. Ղազախստանը հնարավորություն ունի համագործակցության քաղաքականություն վարելու Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Չինաստանի հետ` օգտվելով աշխարհաքաղաքական առավելություններից: Աղքատ երկրները` Ղրղզստանն ու Տաջիկստանը, Ռուսաստանի հովանավորության և պաշտպանության կարիքն ունեն: Նավթով, գազով, ուրանով և մետաղներով հարուստ ՈՒզբեկստանն ու Թուրքմենստանը կենտրոնական տեղ կգրավեն տարածաշրջանի քաղաքականության մեջ և կդառնան թե՛ Արևմուտքի, թե՛ Արևելքի գործընկեր:

Այս պայմաններում Ադրբեջանն ու վերոհիշյալ տարածաշրջանների այլ պետություններ ուրիշ հեռանկար չունեն, բացի ուժի համաշխարհային կենտրոնների հավասարակշռության կենտրոնում գտնվելուց: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ամենևին ոչ պատահաբար ձևավորված ուժերի այդ հավասարակշռությունը եթե անթերի չէ, ապա նպաստավոր է ոչ միայն հիշյալ երկրների, այլև ստեղծված հավասարակշռությունը պահպանող համաշխարհային այլ պետությունների համար:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 6792

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ